Մայր Աթոռում կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ


Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի խաչքար-հուշարձանի մոտ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ:

Մատենագետը պատահաբար հայտնաբերել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի պատմվածքի հերոսն իր պապն է


Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին վիրավորվել է թևից և հայտնվել ֆրանսիացիների նավում:

 

Ապրիլի 24-ի հոգեհանգստի արարողություններին փոխարինել է բարեխոսության կարգը


Հայոց Մեծ եղեռնից 100 տարի անց՝ 2015 թվականին, ապրիլի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի կոնդակով սրբադասվեցին Հայոց Ցեղասպանության զոհերը: Ապրիլի 24-ին կատարվող բարեխոսական կարգի, Սուրբ Պատարագի ընթացքում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելիս, հավատացյալները խնդրում են Հայոց Ցեղասպանության նահատակների բարեխոսությունը Հայաստանի, հայության, այդ թվում՝ 21-րդ դարում հայրենազրկված արցախահայերի համար: 2020-2023թթ․ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, շրջափակումը, բռնի տեղահանությունը ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպան ծրագրերի շարունակությունն են՝ 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և մշակութային եղեռնը միջազգային իրավունքում սահմանված է որպես ցեղասպանություն։

 

Արագածոտնի թեմի հոգևորականները Միասնական ժամերգություն են անցկացրել Փարպիի եկեղեցում


Թեմի հոգևոր դասն ու ուխտավորները միասնական աղոթել են հանիրավի ազատազրկվածների՝ հոգևորականների, գերիների, անհետ կորածների, Հայոց Հայրապետի արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: Եկող ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ժամը 19․00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում:

 

Պաշտպանը միջնորդել է Արշակ Սրբազանի գործը կարճել, որովհետև հանցագործության օբյեկտ չկա


Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի գործը կարճվի և դադարեցվի Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը: Փաստաբանը պնդել է, որ հանցագործության օբյեկտ գոյություն չունի, Սրբազանը իրեն մեղսագրվող արարք չի գործել: Դատարանը մերժել է միջնորդությունը՝ նշելով, որ պետք է հետազոտվեն ապացույցները: Դատախազը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Արշակ Սրբազանին կալանավորեն, սակայն դատարանն անփոփոխ է թողել խափանման միջոցը։

 

Կրկնազատիկին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը տեղափոխվել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի


Կրկնազատկին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալները Սուրբ Պատարագի ընթացքում հաղորդակցվել են Շուրիշկանի հրաշագործ Ավետարանից բխող զորությանը: Ավելի քան 25 տարի է Կրկնազատիկին Շուրիշկանի Ավետարանը տեղափոխվում է Սուրբ Գևորգ եկեղեցի։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորները ավանդույթը անխախտ են պահում:

 

Ստեփանոս Նախավկայի մասունքարանը Մայր Աթոռից տեղափոխվել է Մաստարայի եկեղեցի


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է տեղափոխվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը: Մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Ավետման տոնի առիթով Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել, որի ավարտին կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Օրհնություն են ստացել նաև սարկավագների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծո Որդին։

 

Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Մեռելոց հիշատակի Սուրբ և անմահ Պատարագ


Այս սրբազան արարողության նպատակն է հիշել ննջեցյալներին և Հարության մեծ տոնի ավետիսը հասցնել նրանց հոգիներին: Վեհափառ Հայրապետը Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի նահատակվելու օրը՝ ապրիլի 6-ը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցվել է նրանց հիշատակն անմահացնող հուշապատ, որտեղ արձանագրված են նահատակների անունները:

 

Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար Ավետիսը


Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կենարար ավետիսը:

 

Հոգևոր խնամք բժշկական կենտրոններում


Հայաստանի շատ բժշկական կենտրոններում աղոթատներ կամ մատուռներ են գործում: Բուժառուները, հիվանդապահները, բժիշկները, համակարգում ընդգրկված աշխատակազմը հիվանդանոցում հոգևորականի ներկայություն, աղոթատուն, մատուռ կամ աղոթքի անկյուն ունենալը անհրաժեշտություն են համարում: Հոգևորի կարիք ունեն ծանր հիվանդները, բուժառուների հարազատները և հենց բժիշկները: Բժշկական կենտրոններում մատուռի առկայությունը լայնորեն տարածված է եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Ավագ Երեքշաբթ Էջմիածնի Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը ներկայացվել է «Տասը կույսերի» առակը


Ավագ երեքշաբթի եկեղեցիներում խորհրդանշական արարողություն է կատարվում: Տասը կուսերին ներկայացնում են դպիրներ, երեխաներ կամ զինվորներ: Նրանք բաժանվում երկու խմբի՝ իմաստունների և հիմարների: Նրանց ձեռքում վառվող մոմերը հավատի լույսն են խորհրդանշում: Արարողության ընթացքում հանգող մոմերը խորհրդանշում են Ավետարանական դրվագը, երբ կույսերից հինգի լապտերների ձեթը վերջանում է: Էջմիածնի Մայր տաճարում այս տարի՝ ավագ երեքշաբի օրվա Ավետարանական պատումը ներկայացնելու համար շապիկ էին հագել ձյուդո մարզաձևով զբաղվող մարզիկները: Նրանք սովորում են Էջմիածնի հայորդյաց տան Ձյուդոյի դասարանում և Վաղարշապատի մարզադպրոցում: